0

Ինչպես 0-ից բիզնես սկսել 50 տարեկանում և հաջողության հասնել 

Նորություններ

Ինչպես 0-ից բիզնես սկսել 50 տարեկանում և հաջողության հասնել 

 

Երբ մուտք ես գործում Հայաստանի առաջին և ամենամեծ պլաստիկ ընկերության արտադրամաս, միանգամից աչք է շոյում հարուստ բնությունը. մոտ 3 հեկտար տարածքի բավականին մեծ մասը լի է ծաղիկներով ու պտղատու ծառերով: Դա այնքան անհավանական է թվում մինչև հիմնադրի հետ ծանոթանալը: Բնության, պլաստիկի, 50-ից հետո խոշոր գործարար դառնալու մասին զրուցել ենք «Օվալ պլաստիկ» ընկերության հիմնադիր Վարուժան Խալաթյանի հետ:

 

Հաճախ ցավն է առաջ մղում

 

1994-ին Խալաթյանին ազատում են պետական աշխատանքից, նա հանդիսանում էր Մալաթիա Սեբաստիա և Աջափնյակ շրջանների կանաչապատման վարչության պետ:

 

«Դա շատ լուրջ հոգեբանական հարված էր ինձ համար, քանի որ ողջ երիտասարդությունս նվիրեցի իմ քաղաքին, և հանկարծ մի ստորագրությամբ որոշում են զրկել ինձ իմ սիրելի աշխատանքից,- պատմում է Խալաթյանը,-Հաջորդ ամիս, երբ աշխատավարձ չստացա, արդեն հացի խնդիր ունեի ընտանիքում և սկսեցի մտածել ընտանիքիս կարիքները հոգալու մասին: Մի քանի ամիս որոնումների մեջ էի, քանի որ մասնագիտությամբ շինարար եմ, ի վերջո որոշեցի ներկրել շինանյութ, և 1995-ին մեկնեցի Իրան»:

 

Ինչպես դասականն է ասում՝ «ցավն է հաճախ առաջ մղում», Խալաթյանը կիսակառույց բնակարանը գրավ դրեց և վարկ վերցրեց 30% տոկոսադրույքով, թիվ, որը, համաձայնեք, հնարավոր չէ մոռանալ: Այդ գումարով նա Թեհրանից սկսեց ներկրել բնական քարեր ու կերամիկա:

 

Երբեմն հաջողությունը հենց կողքիդ է, պետք է պարզապես նկատել

 

Այն տան հարևանությամբ, որտեղ ապրում էր Իրանում եղած ժամանակ, պլաստիկի կրպակ կար, և 24 օր շարունակ Խալաթյանը տեսնում էր, թե ինչ տեմպով է պլաստիկը վաճառվում: Միտք առաջացավ բավականին ծանր քաշով բեռի դատարկ մասերը լցնել թեթև պլաստիկե տարաներով և բերել Հայաստան:

 

«Այդ ժամանակ Հայաստանում պլաստիկե տարաներ չկային: Կաթնամթերքը ապակե շշերով էր վաճառվում, որի սանիտարահիգիենիկ վիճակի մասին քաջատեղյակ էի: Պլաստիկե տարաների առաջին խմբաքանակը պարզապես բաժանեցի կաթնամթերք արտադրողներին՝ առաջարկելով ավելի թեթև, հարմար, հիգիենիկ տարբերակ: 

 

Այն տարիներին ընդամենը մի քանի ընկերություն կար՝ Աշտարակ կաթ, Չանախ, Դիետ, Դուստր Հասմիկ: Բոլորը հավանեցին, հաջորդ անգամ ավելի շատ պլաստիկ ներկրեցինք, մյուս անգամ հասկացա, որ պլաստիկն արդեն գերակշռում է, և վերջնականորեն որոշեցի պլաստիկի փոխարեն ներկրել պլաստիկի արտադրման մեքենաներ»: 

 

1998-ին Հայաստանում սկսվեց պլաստիկ արտադրվել

 

«Սկզբում միայն ընտանիքով էինք, մոտ 5 հոգով, տղաս, դուստրերս մեծ ոգևորությամբ օգնում էին: Որդիս ընդամենը 10 տարեկան էր, հիշում եմ, թե ինչ սիրով էր տեսակավորում պլաստիկե բաժակները, իսկ այսօր արդեն ղեկավարում է շուրջ 500-ից ավելի աշխատակիցների թիմ»

 

Առաջին պլաստիկե տարան

 

Առաջին պլաստիկե տարան բոլորիս հայտնի 200 գրամանոց թթվասերի բաժակն էր, հետո՝ կես լիտրանոց մածունի տարան, արտադրում էինք ընդամենը 3 տեսակ պլաստիկե տարա, իսկ այսօր արդեն այդ թիվը գերազանցում է 1500-ը:

 

Երբեք ուշ չէ 

 

«Աշխարհի մեծագույն վաճառողը»՝ վաճառքների թվով Գինեսի ռեկորդակիր Ջո Ջիրարդը, 35 տարեկան էր, երբ հիմնեց իր բիզնեսը, նա հաջողության բանալին է համարում այն շրջադարձային պահը, երբ գիտակցում ես, որ քո միակ մրցակիցը դու ինքդ ես, որ տարիքում էլ լինես: Խալաթյանը գրեթե 50 տարեկան էր, երբ որոշեց հիմնել իր սեփական բիզնեսը ու հաջողեց: 

 

«Երբեք չի եղել որևէ բան նախաձեռնեմ ու կիսատ թողնեմ, երջանկահիշատակ հայրս ասում էր՝ եթե գոտիդ ամուր կապես ու գործիդ հետևից գնաս, անպայման կհաջողես: Ինձ համար ամեն մի նոր դետալը նոր երեխայի ծնունդի պես բան էր, բիզնեսի հաջողությունները ինձ շատ էին ոգևորում: Եթե չսիրես գործը, որով զբաղվում ես ամեն օր, հաջողության չես հասնի»:

 

Սկզբունքները բիզնեսում 

 

Այն հարցին, թե ինչպես է ստացվել, որ բազմատեսակ պլաստիկե տարաներ արտադրող ընկերությունը չի զբաղվում նաև, ասենք, կաթնամթերքի վաճառքով, չէ՞ որ այդ մոտեցումն օրինաչափ է մեր երկրում դարձել, Խալաթյանը պատասխանեց. «Եթե մի բան անում ես, պետք է լավ անես, բացի այդ, եթե ես հիմա կաթնամթերք արտադրեմ, անազնիվ կլինեմ, քանի որ մյուս արտադրողն արդեն չի կարող ինձ հետ հավասար պայմաններ ունենալ շուկայում: Ես ի սկզբանե բացառել եմ հաճախորդիս հետ մրցակից դառնալու ուղին»:

 

Ավելին, քանի որ 2021-ը ճգնաժամի տարի էր ամբողջ աշխարհում, «Օվալ պլաստիկ»-ն անմասն չմնաց, աշխատեց մեծ վնասներով՝ ելնելով ժողովրդի շահերից և նախընտրելով ամրապնդել գործընկերների վստահությունը:

 

«23 տարվա ընթացքում  առաջին անգամ լուրջ վնասներ կրեցինք, բավականին արագ հումքի գները գրեթե կրկնակի դարձան, և մենք կանգնեցինք ծանր ընտրության առաջ: Ի վերջո, որոշեցինք գին չփոխել, քանի որ մեր գնային փոփոխությունից կփոխվեր նաև կաթնամթերքի գինը և շղթան կմեծանար: Աշխատեցինք մեծ վնասներով, բայց դրա փոխարեն օգտակար եղանք մեր ժողովրդին և ամրապնդեցինք գործընկերների վստահությունը՝ հուսալով, որ կարճ ժամանակում կհաղթահարենք նաև այս դժվարությունը»:

 

Մրցանակների մասին 

 

«Օվալ պլաստիկ»-ի մրցանակներն այնքան շատ են, թեպետ Խալաթյանի խոսքով ամենամեծ գնահատականը իր աշխատակիցների սերն ու հարգանքն է, այնուամենայնիվ, խնդրեցինք առանձնացնել մեկը:

 

«Շատ անսպասելի անակնկալ էր Նախագահի մրցանակը, ինչ խոսք, հաճելի է գնահատված լինել պետության կողմից հատկապես պետական աշխատանքից ազատվելուց հետո»:

 

Բնությունն ու պլաստիկը

 

«Օվալ պլաստիկ» ընկերության արտադրամասն այսօր տարածքի խնդիր ունի, բայց Խալաթյանը վստահեցնում է, որ երբեք ձեռքը չի գնա կանաչի հաշվին որևէ մեքենա տեղադրել:

 

Ընկերությունն այժմ զբաղվում է նաև ներքին արտադրության վերամշակմամբ,  ֆինանսավորել է աղբի տեսակավորման նախաձեռնություններ ու թեպետ Հայաստանում պլաստիկ թափոնների վերամշակման ուղղությամբ վերջին տասնամյակում մի շարք քայլեր են ձեռնարկվել, միևնույն է Խալաթյանի խոսքով ընդհանուր պատկերը տխուր է:

 

«Թափոնների վերամշակման խնդիրը ոչ միայն վերամշակող կառույցների և աղբի տեսակավորման սակավությունն է, այլ առաջնահերթ մարդկանց ինքնագիտակցության զարգացումը: Պետք է աղբը բնության գրկում չթափելու մշակույթ ձևավորել, որպեսզի պլաստիկը հավաքվի հատուկ աղբամաններում, հետո վերամշակվի, այդպիսով այլևս վնաս չհասցնելով մայր բնությանը, ոչ թե պլաստիկն է վնասակար էկոլոգիային, այլ այն հսկայական աղբը, որ թափվում է փողոցներում, բնության գրկում: Եվրոպայում չես տեսնի անգամ օդում ճախրող պլաստիկե տոպրակներ, ես շատ ցավով եմ վերաբերում մեր հասարակության անտարբերությանը»:

 

24 ժամ առանց բիզեսի

 

Գործարարների աքիլեսյան գարշապարը ժամանակն է, որը միշտ չի հերիքում, մեր ավանդական հարցին, թե ի՞նչ կանի Խալաթյանը մի ամբողջ օր առանց բիզնեսի, պատասխանեց. «Օրս կանցկացնեմ թոռնիկներիս հետ, հիմա նրանք են իմ շարժիչ ուժը»: