0

Ճանապարհը երեխայի նման է։ Այն բացի կառուցելուց` պետք է սիրես ու պաշտպանես․ Մեղրիի <<ՃՇՇՁ» ՍՊԸ տնօրեն Ազատ Գասպարյան

Նորություններ

Ճանապարհը երեխայի նման է։ Այն բացի կառուցելուց` պետք է սիրես ու պաշտպանես Մեղրիի <<ՃՇՇՁ» ՍՊԸ տնօրեն Ազատ Գասպարյան

 

Արդեն 40 տարի ճանապարհաշինության ոլորտում նրա ղեկավարած կառույցն իրականացրել է Հայաստանի համար կարևորագույն ճանապարհների շինարարությունը։ Հայաստանի հարավային դարպասի՝ Մեղրիի ճանապարհները գրեթե 40 տարի կառուցվում, վերանորոգվում, ու պահպանվում են Մեղրիի ճանապարհաշինարարական ու շահագործման ձեռնարկության շնորհիվ։ Հետևաբար, պատահական չէր, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շինարարության բնագավառում ունեցած նշանակալի վաստակի համար Մեղրու «ՃՇՇՁ» ՍՊԸ տնօրեն Ազատ Գասպարյանին շնորհեց ՀՀ վաստակավոր շինարարի պատվավոր կոչում։ Ազատ Գասպարյանի հետ զրուցել ենք նրա անցած ուղու, երազանքի, «կյանքի ճանապարհի» ու ընտանիքի մասին։

-Մայրս երազում էր, որ ճանապարհային համակարգում աշխատող լինեմ, բայց ոչ թե շինարար` ճանապարհային ոստիկան։ Մտածում էր, որ միայն ոստիկանը կարող էր բազմանդամ ընտանիքը պահել։ Իսկ մեր ընտանիքը մեծ էր՝ 8 երեխա էինք։ Ընդունվեցի Պոլիտեխնիկ ինստիտուտի ճանապարհաշինական բաժինը. ես չհասկացա, որ դա ոչ թե ոստիկան դառնալու ճանապարհ էր, այլ շինկազմակերպության աշխատող։ Ավարտելուց հետո պարզվեց, որ Երևանի ու երևանամերձ շրջաններում այդ մասնագետի կարիքը չկար. մասնագետներ պետք էին միայն ՌԴ–ում ու Մեղրիում։ Բնականաբար Ռուսատանը չձգեց ու` գնացի Մեղիի։ Գնացի և մնացի մինչ օրս։

-40 տարիներ և ավելի մեր տարածաշրջանի կարևոր ճանապարհների գլխավոր կառուցապատողներից մեկն եք։ Մրցակցությանը դիմանո՞ւմ եք։

-Եթե աշխատանքիդ մոտենում ես բարեխղճորեն ու ձգտում ես անել ամենակատարյալը, իհարկե դիմանում ես մրցակցությանն ու ավելի մրցունակ ես լինում։ Մեր ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է հիմնականում Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանում, որն իր մեջ ընդգրկում է 13 գյուղ, սպասարկում ենք 104 կմ միջպետական, 47.2 կմ հանրապետական և 48.6 կմ մարզային նշանակության ճանապարհահատված՝ սկսած Քաջարանից մինչև Մեղրի, Մեղրիից մինչև Կապան, որն այլընտրանքային ճանապարհահատված է: Բացի Նռնաձորի ճանապարհից` բոլորն ասֆալտապատ են ու ամեն անգամ անցնելով այդ ճանապարհներով` մի տեսակ հպարտության զգացողություն եմ ունենում, որ իմ լուման կա այդ ճանապարհների կառուցման ու պահպանման գործում։ Մարդը պետք է խիղճ ունենա, խիղճ աշխատանքի ու կատարած աշխատանքի արդյունքի հանդեպ։ Եթե ճանապարհը կառուցում ես վատ,ապա նա 2-3 տարի է դիմանում, բայց պետք է այնպես կառուցես, որ անցնելով այդ ճանապարհով` չամաչես քո արած գործից։ Մարդիկ գնալ-գալով այդ վատ ճանապարհով մատնացույց են անելու քեզ։ Բայց եթե այդ ճանապարհը լավն է լինում, դու ամաչելու տեղ չունես. արդեն միշտ մատնացույց են անելու քեզ որպես լավ ճանապարհաշինարար։ Ճանապարհը երեխայի նման մի բան է։ Այն բացի կառուցելուց` պետք է սիրես ու պաշտպանես ձնից, անձրևից։ Եթե չպաշտպանես` շարքից դուրս կգա։

-Կա՞ն ճանապարհներ, որոնց նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունեք։

-Այո՛ ու կարող եմ ասել՝ դա իմ կյանքի ճանապարհն է։ Երբ կառավարությունն առաջարկեց կառուցել այդ այլընտրանքային ճանապարհը, մի պահ ինձ թվաց անիրականալի ու անհնարին։ Բայց երբ նպատակդ հստակ է, ապա որևէ խոչընդոտ չի կարող քեզ խանգարել այն ավարտին հասցնելու համար։ Սա այն դեպքն էր, երբ անհնարինը դարձավ հնարավոր։ Պետք է կառուցեինք Մեղրի–Կապան այլընտրանքային ճանապարհը։ Ճանապարհը սկսվում է Ագարակ-Մեղրի խաչմերուկից, թեքվում դեպի ձախ՝ Շվանիձոր-Ալվանք, Ծավ-Շիշկերտ, Շվանիձոր-Ճակատեն ու էդպես մինչև Կապան։ Բավականին բարդ ու խնդրահարույց ճանապարհ էր՝ հատկապես Մեղրից Շվանիձոր հատվածում հարյուրավոր տարիներ ճանապարհ չէր եղել, այլ 2 մետրանոց գրունտային ճանապարհ էր։ Արաքսի մակարդակը բարձրացել էր. երթևեկությունը դառնում էր անհնարին։ Կողքին էլ երկաթգիծն էր, սահմանն էր։ 28 կմ հատվածը բաժին հասավ ինձ ու դժվար էր հատկապես Արաքսի հովտի հատվածը։ Բայց գտանք ելքը. լայնացումներ արեցինք Արաքս գետի հունի հաշվին։ Մոտ 16 կմ ճանապարհ կառուցեցի՝ օգտագործելով նաև Արաքսի հունը։ Հիշում եմ թե ինչ սև փոշի էր նստում բոլորիս թարթիչներին, բայց դա մեզ չէր վհատեցնում, մենք պետք է կառուցեինք կյանքի ճանապարհը։ 2005 թ–ին սկսեցինք ու 2007–ին ավարտեցինք։ Այդ ճանապարհի կառուցումը հրամայական էր, քանի որ Արցախյան առաջին պատերազմում, երբ Նախիջևանից ռմբակոծում էր Քաջարան-Մեղրի գնացող լեռնանցքը, միակ ճանապարհը փակ էր։ Ու այդ այլընտրանքային ճանապարհը դարձավ փրկություն։ Այսօր ես մի երազանք ունեմ, հուսամ այն կկարողանամ իրականացնել` դա Նռնաձորի ճանապարհի կառուցումն է։ Հավանաբար այս տարի կկառուցվի, քանի որ երթևեկությունը իրականացվում է նախկին երկաթգծի տարածքով ու եթե երկաթգիծը վերականգնվի, ապա Նռանաձորը կտրվում է ճանապարհից։ Կա այլընտրանքային ճանապարհ, որը գործում էր 1984 թ–ին, բայց այն սառեցվեց։ Հիմա պատվեր կա նախագծահաշվարկի ու, հավանաբար այս տարի կսկսվի այդ ճանապարհի կառուցումը, որը կտևի մոտ 2 տարի։

Տարբեր երկներում շրջագայել եք ու համոզված եմ, որ նաև մասնագետի աչքով եք նայել այդ երկրների ճանապարհներին։ Նախանձե՞լ եք երբևէ այդ երկրների ճանապարհների որակին։

– Ինձ միշտ զարմացրել են Գերմանիայի ճանապարհները։ Ստացվել է այնպես, որ Գերմանիայի նույն քաղաք տարին մեկ այցելում եմ։ Կարող եմ ասել, որ այդ ճանապարհները չեն փչանում։ Երազում եմ, որ մենք էլ մի օր նման ճանապարհներ կունենանք։ Գիտեք, խնդիրն այն է, որ կառավարությունը խիստ չէ տրանսպորտային միջոցների նկատմամբ։ Ծանրաքաշ, գերբեռնված մեքենաներն ուղղակի տանջում են ասֆալտին, որն էլ ժամանակից շուտ է ծերանում։ -Բազմաթիվ մրցանակների եք արժանացել, պատվոգրերի, շնորհվել են «Դրաստամատ Կանայան», «Անանիա Շիրակացի», «Վազգեն Սարգսյան» մեդալներ, իսկ 2021 թ–ին նախագահ Արմեն Սարգսյանը, շինարարության բնագավառում ունեցած նշանակալի վաստակի համար, ձեզ շնորհեց վատակավոր շինարարի կոչում։ Այդ կոչումներն ու մրցանակները կարևո՞ր են ձեզ համար։

-Ես միշտ էլ տարբեր կառույցների, գերատեսչությունների կողմից գնահատվել եմ, բայց այս գնահատականը կարծես ամբողջացրեց իմ 40 տարիների աշխատանքը։ Իհարկե այդ գնահատականը նաև քեզ պարտավորեցնում է, որ շատ ավելի պատասխանատու լինես քո գործում։ Կառուցել մեկ բան է, պահպանելը` մեկ այլ բան։ -Երբ առաջին պատերազմում ռմբակոծում էին Մեղրի–Քաջարան ճանապարհահատվածը , դա դարձավ հրամայական, որ կառուցվի երկրորդ այլընտրանքային ճանապարհը։

 -Արմատներով ապարանցի եք, բայց ձեզ ավելի շատ սյունեցի՞, թե՞ ապարանցի եք համարում։

–Ապարանն իմ ֆիզիկական ծննդավայրն է, շատ սիրում եմ իմ հողն ու ջուրը, հատկապես իմ գյուղը՝ Արագածը։ Ես պարբերաբար եմ գնում, բայց Մեղրին էլ իմ երկրորդ՝ աշխատանքային ծննդավայրն է։ Մեղրեցիներն ինձ շատ գրկաբաց ընդունեցին, ես էլ իրենց։ Հենց Սյունիքում էլ ընտանիք կազմեցի։ Կինս սյունեցի է ու ընտանիքիս սյունն ու հենարանը։ Չես կարող աշխատանքում հաջողություններ ունենալ, եթե կողքիդ կինը քո հետ չկիսի բոլոր դժվարություններն ու հոգսերը։ Ես կարող եմ ասել, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով իմ երեխաներից բան չեմ հասկացել ու չիմացա, թե իմ երկու երեխաներն ինչպես մեծացան։ Կինս էր զբաղվում նրանց դաստիարակությամբ։ Ու հիմա այդ կարոտը թոռներիցս եմ առնում։ Հինգ թոռ ունեմ. մեկը շախմատային հաջողություններ է գրանցում ու հավատում եմ, որ նրա անունը դեռ կլսենք։ Իսկ աղջիկ թոռս ամեն ինչում է տաղանդավոր։ Դեռ չի կողմնորոշվում, թե ինչ ուղղությամբ է գնալու, բայց որ ամեն ինչ անում է շատ լավ, դա փաստ է՝ սկսած գեղարվեստականից մինչև գրականություն, անգամ մինչև շինարար. դիզայներությամբ է զբաղվում։

-Եղե՞լ են պահեր, որ զղջացել եք շինարարի մասնագիտությունը ընտրելու համար։

-Միանշանակ եղել են։ 13 տարի աշխատում էի ճանապարհաշինության ոլորտում, երբ նշանակեցին պետական հիմնարկի տնօրենի պաշտոնում։ Դա համընկավ մութ ու ցուրտ տարիների հետ, երբ հացը կտրոնով էր, երբ անբարեխիղճ ղեկավարներն ամեն ինչ վաճառել էին որպես մետաղաջարդոն և հիմնարկը քանդվում ու գնում էր կործանման։ Մեր լուսահոգի մարզպետի առաջին տեղակալ Դավիթ Մաթևոսյանն առաջարկեց այդ հիմնարկը ոտքի հանել։ Մի կերպ մի կմախք, խճաքարի մաղ, քարը քարին դրեցինք ու 1998 թ–ից կամաց–կամաց մեր հիմնարկը ոտքի հանենցինք։ Երեք տարի, երբ հիմնարկի տնօրեն էի, էնպես էի փոշմանել, որ ընտրել եմ այդ մասնագիտությունը։ Այսօր, փառք Աստծո ամեն ինչ իր հունով գնում է ու մրցունակ ենք։ Մենք ոչ միայն զբաղվում ենք ճանապարհների կառուցմամբ ու պահպանմամբ, քաղաքացիական շինությունների կառուցմամբ, այլ պաշտպանական կառույցներ էլ ենք կառուցում։ Ակտիվ համագործակցում ենք ՀՀ պաշտպանության նախարարության հետ և իրականացնում զորանոցների, սպայական շենքերի կառուցման աշխատանքներ: Բանակաշինության գործին ծառայող մեր աշխատանքները ես հատկապես կարևորում եմ, քանի որ դրանք, ինչպես միջպետական ճանապարհները, ռազմավարական նշանակություն ունեն մեր երկրի համար: Ագարակ քաղաքում մեր գնդի համար 2 հա տարածքի վրա ավտոհավաքատեղի ենք կառուցել, որն իր նմանը չունի. տեղսպասարկման կայանով, լվացման կետերով, անգարներով, թրթուրավոր տեխնիկայի ու անիվավոր մեքենաների համար։ Ու պատահական չէր, որ այն ժամանակվա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շատ բարձր էր գնահատել այդ ամենն, ասելով, որ այն կարող է դառնալ ցուցանմուշ սահմանային մյուս հատվածների համար։ Այդ ժամանակ ինձ շնորհվեց «Դրաստամատ Կանայանի» հուշամեդալ։ Մեր հաջողության գրավականն է նաև այն , որ թիմային ենք աշխատում ու թիմից յուրաքանչյուրն իր տեղն ու դերն ունի։ Ինձ թվում է, որ Հայաստանն սկսվում է Մեղրիով ու ավարտվում Մեղրիով։ Մեղրին կապող օղակ է բոլոր առումներով։ Մեղրին կապում է Իրանի հետ, կապում ՌԴ–ի հետ ։ Հավատում եմ, որ մի օր Մեղրին կդառնա ոչ միայն Հայաստանի, այլ տարածաշրջանի կապող օղակը։