0

Արտակ Թադևոսյան- Թող բոլոր զենքերը վերածվեն զարդերի…

Նորություններ

Թող բոլոր զենքերը վերածվեն զարդերի…

«Ես գյումրեցի եմ, մեր մոտ տեղակայված է 102 ռազմաբազան, և երբ երեխաս կրակոցի ձայն էր լսում կամ փամփուշտ տեսնում, ես չէի ուզում խոսել այն մասին, թե դա կարող է մարդ սպանել և որոշեցի այդ ագրեսիան, որ կա փամփուշտի մեջ վերածել խաղաղության»- Արտակ Թադևոսյան:

Մասնագիտությամբ քանդակագործ – դիզայներ գյումրեցի Արտակը ժամանակին շատ է մեկնել արտագնա աշխատանքի, բայց 2007-ին եկավ Հայաստան, ամուսնացավ և որոշեց որ պետք է ապրի իր Հայրենիքում:

Հայրենիքի հողն ու ջուրն ուրիշ է

«Իմ հողն ու ջուրը , իմ տունը Գյումրիում է, ես պետք է մի բան ձեռնարկեի, որ շարունակեի ապրել իմ տանը, ինչպես նաև ուզում էի օրինակ ծառայել մյուսներին, որ հնարավոր է ամեն ինչ սկսել նոր սպիտակ թղթից և հասնել հաջողության,  եթե կա ուժ, հավատ , աշխատասիրություն և համառություն»:

Խաղաղության կոչը՝ արվեստի լեզվով

Դատարկ պարկուճներից զարդեր պատրաստող գյումրեցի վարպետը արվեստի լեզվով է խոսում խաղաղության մասին: Նրա ձեռքի տակ հայտնված ցանկացած զենք  վերածվում է զարդի:Նպատակը մեկն է, որ վատ նպատակին ծառյող իրը ստանա նոր կյանք՝ արմատապես փոխելով իր իմաստը:

 

«Ինքս ոսկերիչ չեմ, և առհասարակ չեմ տիրապետում և չեմ էլ ենթարկվում որևէ կանոնի, ինձ համար կարևորը միտքը, գաղափարն է, իմ աշխատանքի մեջ՝ իմ ազատությունն է: Այդպես  որոշեցի զարդարվեստի ոլորտում մի նոր, հետաքրքիր գաղափար գտնել, մտածեցի ու գտա…»:

 

 «Այսօրվա լարված ու չարացած աշխարհում շատ կարևոր է, երբ երեխան իր մոր կրծքին տեսնում է այդ «չար» փամփուշտը զարդի տեսքով, դա բոլորովին այլ էներգետիկա է հաղորդում, և երեխաները արդեն մանկուց կարող ենք խաղաղասեր մեծանալ:Խաղաղության ոգով դաստիարակված սերունդը չի կարող ագրեսոր դառնալ, չի կարող պատերազմ հրահրել: Նման սերունդը կարող է միայն խաղաղության կոչ անել, խաղաղության ձգտել, իսկ հզոր լինելով, կարող է նաև խաղաղությունը պարտադրել», – վստահաբար ասում է Արտակը: 

«Պատրաստած առաջին զարդը նվիրել եմ կնոջս, մինչև հիմա պինդ պահում է»J

Ազգայինի պահպանումը բոլորիս խնդիրն է

Զենքերը Արտակի ձեռքերում վերածվում են մատանիների, ապարանջանների, ականջօղերի, կախազարդերի և խաչերի:Եվ ամենակարևոր այն է,  որ բոլոր զարդերը ստեղծվում են հայկական զարդանախշերի հիմքով- «Մենք շատ ենք հեռվացել մեր ազգայինից, մեր ավանդույթներից: Ես իմ բոլոր զերդերի մեջ կիրառում եմ բացառապես հայկականը: Մենք ենք մեր ժառանգության կրողը և ամեն ոք պարտավոր է իրեն հասանելիք չափով այն պահպանի»:

Վարպետի աշխատանքներում կարելի է հանդիպել հայկական ժայռապատկերներ, գորգագործության զարդանախշեր, հայկական կենաց ծառը և այլն:

 

«Իմ արվեստանոց հաճախ այցելում են նաև դպրոցական խմբեր ու էլի ես նրանց փոխանցում են այդ էներգետիկան»

Արտակի արվեստի գործերը ցուցադրվել են աշխարհի տարբեր կետերում, արժանացել է բազմաթիվ պատվոգրերի ու գովեստի խոսքերի – «Շատ կարևոր է, երբ դու անկեղծ ես քո հետ: Իմ աշխատանքները  անկեղծ են, պարզ են, սա էլ իմ ինքնադրսևորման, ինքնաարտահայտման ձևն է»:

Արտակ Թադևոսյանի զարդերը  HayAr Jewellery անունն են կրում, այս ապրանքանիշը կարելի է հանդիպել Երևանի Տաշիր Առևտրի կենտրոնի 4-րդ հարկում և Գյումրու «՞» խանութում